Օգտակար

Ինչո՞ւ են քրտնում պլաստիկ պատուհանները

Ինչո՞ւ են քրտնում պլաստիկ պատուհանները

Պլաստիկ պատուհանների քրտնելու խնդիրը թերևս բավական մտահոգիչ է, քանի որ պատուհանների վրա կուտակված ջրի կաթիլներն անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ սրբել, բացի դրանից՝ «քրտնած» պատուհանները կարող են բորբոսի առաջացման պատճառ դառնալ։ Եվ այսպես, ինչո՞ւ են քրտնում պլաստիկ պատուհանները, և ինչպե՞ս կարելի է պայքարել այդ երևույթի դեմ։

Պատուհանների քրտնելու հիմնական պատճառները


Պլաստիկ պատուհանների քրտնելու հիմնական պատճառը, կարելի է ասել, նրա հերմետիկությունն է, որի արդյունքում օդը գրեթե չի անցնում պլաստիկ պատուհանների պրոֆիլների արանքով։ Ստացվում է այնպես, որ սենյակներում կուտակված խոնավությունը գոլորշու տեսքով «փակչում է» պատուհանների ապակիներին։ Եվ քանի որ պատուհանների ապակիները սովորաբար սենյակի ամենասառը մակերեսն են, սառը եղանակին գոլորշին արագ վերածվում է ջրի կաթիլների։ Այսպիսով գոյանում է խտուցք (կոնդենսատ)։ Ձմռան խիստ սառնամանիքների ժամանակ ջրի կաթիլները սառչում են և ապակիների վրա գոյացնում մակասառցաշերտ։ Այս երևույթը հատկապես արտահայտված է լինում խոհանոցում կամ այն սենյակներում, որտեղ գոլորշի շատ է գոյանում։

Հետևաբար կարելի է ասել, որ պլաստիկ պատուհանների քրտնելու հիմնական պատճառներից են սենյակների օդափոխության բացակայությունը և սենյակներում խոնավության ավելցուկը։

Պատուհանի կոնդենսատի առաջացման մեկ այլ պատճառ կարող է լինել պրոֆիլների ստորին հատվածում գտնվող ջրահեռացնող ուղիների խցանումը, ինչի պատճառով հեղուկը կարող է կուտակվել պրոֆիլների ներսում։


Պատուհանի կոնդենսատի դեմ պայքարելու միջոցներ


Պատուհանների վրա խոնավության կուտակման դեմ պայքարելու կամ այդ երևույթը  կանխելու համար նախևառաջ անհրաժեշտ է սենյակը օրական մի քանի անգամ 15-20 րոպեով օդափոխել կամ տեղադրել օդորակիչ, որպեսզի սենյակում գոյացած գոլորշին ոչ թե կուտակվի պատուհանների վրա, այլ դուրս գա սենյակից։

Օդափոխությունից բացի, անհրաժեշտ է տարեկան առնվազն երկու անգամ ստուգել՝ արդյո՞ք պրոֆիլների ջրահեռացնող անցքերը չեն խցանվել։ Խցանման դեպքում անհրաժեշտ է մաքրել դրանք, որպեսզի պատուհանների վրա գոյացած խոնավությունը դուրս հոսի և չկուտակվի։