Օգտակար

Ինչպես կատարել շերտավարագույրների ճիշտ ընտրություն՝ ըստ պատրաստման նյութի

Ինչպես կատարել շերտավարագույրների ճիշտ ընտրություն՝ ըստ պատրաստման նյութի

Շերտավարագույրների առաջարկը բավականին լայն է և ընտրության հարցում չսխալվելու համար անհրաժեշտ է հաշվի առնել, թե ինչ նյութից է այն պատրաստված: Ամենատարածվածներից են պլաստիկե, մետաղական, կտորից, փայտից և բամբուկից շերտավարագույրները: Ընտրություն կատարելիս առաջ կարևոր է ծանոթանալ դրանցից յուրաքանչյուրի առավելություններին: 

Պլաստիկե շերտավարագույրները լայն տարածում են ստացել, օգտագործվում են հիմնականում խոհանոցներում, պատշգամբներում, լոգասենյակներում և անգամ հյուրասենյակներում: Պլաստիկե շերտավարագույրների հիմնական առավելություններն են ցածր գինը, հիգիենիկությունը և հեշտ խնամքը: 

Մետաղական շերտավարագույրները հիմնականում պատրաստվում են թեթև ալյումինային ձուլվածքներից: Այս կոնստրուկցիաները բավականին մատչելի են և հիմնականում օգտագործվում են արդյունաբերական տարածքներում: Այնուամենայնիվ, կիրառելի են նաև խոհանոցներում և լոֆթ ոճի ինտերիերներում: Մետաղական շերտավարագույրները դիմացկուն են, հատուկ խնամք չեն պահանջում, պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից: 

Կտորից շերտավարագույրները հատկապես վերջին շրջանում մեծ պահանջարկ են վայելում: Կտորից են հիմնականում ռուլոնային և ուղղահայաց շերտավարագույրները: Այս շերտավարագույրները հիմականում պատրաստվում են բամբակից, պոլիեսթերից, ժակարդ տեսակի գործվածքից:

Փայտե շերտավարագույրները հիանալի են քանթրի կամ դասական ոճի ինտերիերներն ամբողջացնելու համար: Փայտե շերտավարագույրներն ունեն շատ առավելություններ։ Դրանք էկոլոգիապես մաքուր են, դիմացկուն, երկար կյանք ունեն, բնական տեսք են հաղորդում միջավայրին՝ միևնույն ժամանակ անչափ դասական են:  

Բամբուկից շերտավարագույրները թեթև են, փակ վիճակում չափազանց քիչ տեղ են գրավում, դիմացկուն են, ջրակայուն, ունեն հաճելի բաց շագանակագույն բնական երանգ:  

Ի դեպ, հաճախ հանդիպում են նաև նշված տեսակների բազմաֆակտուրային զուգորդումներ: Նման շերտավարագույրների վերին մասը պատրաստված է պլաստիկից, իսկ ներքևի հատվածը՝ տարբեր գործվածքներից:  Նման շերտավարագույրները յուրօրինակ տեսք են հաղորդում ինտերիերին: